Պաշտոնական հայտարարությունների համաձայն՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի զրույցն անցել է սիրալիր մթնոլորտում՝ գրել է Ջան Գուիդո Վեկին Corriere della Sera-ում: Սեպտեմբերի 25-ին, ելույթ ունենալով ՄԱԿ-ում, Ֆրանցիսկոս պապը կրկնեց, որ «պատերազմը բոլոր իրավունքների հերքումն է» և բարձր գնահատական տվեց Իրանի միջուկային համաձայնագրին: Վատիկանում Իրանի նախագահի հետ հանդիպումը կարևոր փուլ էր պապի ռազմավարության մեջ:
40 րոպե տևած սիրալիր զրույցի ընթացքում կողմերը ուշադրություն են դարձրել Իրանի միջուկային ծրագրի պայմանագրին: Ընդգծվեց Իրանի կարևոր դերը տարածաշրջանի մյուս երկրների հետ, Մերձավոր Արևելքում գոյություն ունեցող խնդիրների հավասարակշիռ քաղաքական լուծումների, ահաբեկչության տարածման և զենքի մաքսանենգ առևտրի կանխման մեջ: Ռոհանիի այցից առաջ Կապիտոլիումի թանգարանների անտիկ արձանների մերկությունը ծածկվել էր՝ չվիրավորելու համար հյուրին, և դա հարուցեց մոլորակային մասշտաբի սկանդալ:
Վատիկանը վաղուց է շեշտում Թեհրանի դերը Սիրիայի ու Իրաքի ճգնաժամերի հաղթահարման, ԻՊ-ի դեմ պայքարի գործում: Ֆրանցիսկոս պապը ջանում է մարել արդեն ընթացող «երրորդ համաշխարհային պատերազմը»: Պապը շնորհակալություն է հայտնել Ռոհանիին Վատիկան այցելելու համար, Ռոհանին պատասխանել է. «Ինձ գերագույն հաճույք պատճառեց Ձեզ հետ հանդիպումը, արդյունավետ աշխատանք եմ մաղթում Ձեզ և խնդրում եմ՝ աղոթեք ինձ համար»: Տեղեկություն չկա, որ պապը Թեհրան այցի հրավեր է ստացել, բայց այս տարի պոնտիֆիկոսը բազում այցեր ունի իր ծրագրում:
Ջան ԳՈՒԻԴՈ ՎԵԿԻ, Corriere della Sera
Տրամպը կարող է հաղթել և դա վտանգավոր է
Huffington Post-ի հիմնադիր Արիաննա Հաֆինգտոնի խոսքով՝ Հիլարի Քլինթոնը չի հստակեցրել իր դիրքերը, չի ճշտել, թե որ հարցերում փոխզիջման չի գնա՝ գրում է Լյուչիա Անունցիատան La Repubblica-ում: Արիաննա Հաֆինգտոնը ԱՄՆ նախընտրական նախագահական արշավը անվանում է խելահեղ: Առաջին անգամ նախագահի թեկնածուների մեկը պահանջում է արգելել ԱՄՆ-ում մի ամբողջ կրոն՝ իսլամը և շարունակում է մնալ առաջատար, ԶԼՄ-ները ամենայն լրջությամբ են նրան վերաբերվում: Ամենամեծ վտանգը, որ էքստրեմիզմը առաջատար ուղղություն է դառնում, համակարգ: Էքստրեմիստներն ամենուր են՝ ասում է Huffington Post-ի հիմնադիրը: «Ինչպես բոլոր դեմագոգները, Տրամպը խաղարկում է վախը: Մեր ժամանակները մասշտաբային անցումային շրջան են՝ մենք հայտնվել ենք ինդուստրիալ հեղափոխության կենտրոնում՝ միջին դասի աշխատավարձը չի բարձրացել, բայց մեծացել է անհավասարությունը, ԱՄՆ-ը տանուլ է տվել երկու պատերազմ՝ Աֆղանստանում ու Իրաքում, և դա ամերիկյան գերտերության վերջն է»՝ ասում է տիկին Հաֆինգտոնը: Տրամպը իրոք կարող է նախագահ ընտրվել: Դավոսում այդ մասին խոսում էր Դևիդ Գերգենը, որ շատ նախագահների խորհրդականն է եղել: Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը ևս ցանկանում է մասնակցել ընտրություններին իբրև անկախ թեկնածու և Արիաննա Հաֆինգտոնի կարծիքով կարող է հաղթել Տրամպին, եթե նա դիմակայի Սանդերսին: Բայց եթե Տրամպի մրցակիցը լինի Հիլարի Քլինթոնը, Բլումբերգի շանսերը կնվազեն: Ամեն ինչ կախված է նախնական ընտրություններից: Արիաննա Հաֆինգտոնը կարևորում է, որ Հիլարի Քլինթոնը կոնկրետ լինի իր առաջարկություններում: «Ինձ չեն զարմացնում նրա դաշինքները: Երբ ուզում ես նախագահ դառնալ, ամեն ինչ օգտագործում ես: Բայց ես ուզում եմ իմանալ՝ ի՞նչ սկզբունքներով է նա իր դիրքորոշումը կառուցում, ո՞ր հարցերում զիջման չի գնա: Սանդերսի դեպքում ամեն ինչ հասկանալի է, Հիլարիի՝ ոչ»: Հիլարին կարող է տանուլ տալ, բայց նա ճիշտ է կառուցում նախընտրական արշավը, վայելում է կանանց համակրանքը և ֆինանսական աջակցություն ունի: Նա կարող է հաղթել, նույնիսկ եթե պարտվի Այովայում և Նյու Հեմպշիրում՝ կարծում է Huffington Post-ի հիմնադիրը:
Լյուչիա ԱՆՈՒՆՑԻԱՏԱ, La Repubblica
Հ.Գ. ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հասցրեց լուծել ԱՄՆ-Իրան կոնֆլիկտը: ԱՄՆ հաջորդ նախագահը ժառանգելու է ուրիշ աշխարհ: Պաշտոնավարման մնացած ժամանակում Օբամայի խնդիրն է՝ իր ձեռքբերումները դարձնել անդառնալի: Դատելով Հասան Ռւհանիի հանդիպումներից ու հայտարարություններից՝ նա ևս այդ խնդիրն ունի: Փոխել Իրանի և Արևմուտքի հարաբերությունները ոչ միայն տնտեսական, այլև՝ քաղաքական ասպարեզում: Դա Իրանին պետք է տարածաշրջանում քաղաքական նոր դեր ստանձնելու համար: Արևմուտքը լուրջ խնդիրներ ունի, սակայն, սեփական հասարակության հետ՝ մոտենում են նախագահական ընտրությունները: Ոչ միայն ԱՄՆ-ում, այլև՝ Ֆրանսիայում, չի բացառվում, որ միգրանտների պատճառով Գերմանիան ևս հրաժեշտ տա «մուտեր Անգելային»՝ մայր Մերկելին հայրենակիցները չեն ներում երկիրը փախստականներով բնակեցնելը, որ բոլորովին չեն տեղավորվում գերմանական կարգուկանոնի մեջ: Ովքե՞ր իշխանության կգան Եվրոպայում: Ազգայնական տրամադրությունների վերելքը ժողովրդավարության մայրամո՞ւտը, թե՞ նոր մակարդակն է վկայելու: Գլոբալ փոփոխություններն աշխարհում քայլ առ քայլ են կատարվում, մենք միայն արդյունքներն ենք տեսնում, իսկ պատճառների համար սովորաբար որոնում ենք մեղավորներ: Մերձավոր Արևելքի հակամարտությունների կարգավորման հարցերը այս տարի լուծվելու են, աշխարհը պատրաստվում է նոր ղեկավարների: Բայց կբերե՞ն նրանք նոր գաղափարներ ու նոր լուծումներ:
Հռոմի Ֆրանցսկոս պապը, ակնհայտորեն, պիտի աղոթի ոչ միայն Հասան Ռոհանիի համար, այլև՝ բոլորիս:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ